Declaration

ՀՌՉԱԿԱԳԻՐ

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

9-ը սեպտեմբերի 2018 թ. Երևան «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը հայտարարում է, որ սկսում է «Սասնա Ծռեր» համահայկական շարժում, որի նպատակն է օրենքով չարգելված ձևերով Հայրենիքում և արտերկրում բնակվող հայությանը համախմբել և ներգրավել Կուսակցության Ծրագրի իրականացման գործընթացում: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դառնալու է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման կորիզն ու առանցքը՝ ապահովելով Շարժման գաղափարական-քաղաքական և ընթացիկ գործունեության համակարգումը:


 

Սասնա Ծռեր անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ, ըստ այդմ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել ու գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա Հայկական պետությունը: Սասնա Ծռեր կուսակցությունն առաջնորդվելու է լույսի և արդարության քաղաքական մշակույթով, ազգի ներսում չի որդեգրելու ռեալ պոլիտիկ կոչվող արատավոր ու կործանարար խաղի կանոնները, դառնալու է քաղաքական ասպարեզն օտարի միջամտությունից և նյութապաշտական-իշխանատենչական նկրտումներից զերծ պահելու հրամայականի ջատագովն ու առաջամարտիկը: Ըստ մեզ հայությունն ունի իր օրինակով արարչության լույսը տարածելու և արդարություն հաստատելու համամարդկային առաքելություն, հանուն որի նա պետք է իր գերակշիռ մասով վերահաստատվի Հայրենիքում, վերատիրանա Հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործության տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի ու մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ: Սասնա Ծռեր կուսակցությունը բերում է եղածից արմատական կերպով տարբերվող նոր դիտակետ, նոր միտք, նոր կենսակերպ, ինչը աղբյուր և երաշխիք է նոր մարդու, նոր հայի և նոր Հայքի վերածննդի ու առաքելակիր գործունեության: